Ստուգատեսերի խաչմերուկ

Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ

header

կամ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։

Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ­չության ժողովրդագրական իրավիճա­կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Մեր օրերում դրանց ավելացավ նաև 2008 թվականից սկսված հա­մաշխարհային ֆինանսատնտեսական խոր ճգնաժամը։ Այդպիսի խնդիրներն անվանում են գլոբալ հիմնախնդիրներ։

Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների (ինչպես զարգացած և հարուստ, այնպես էլ թույլ զարգացած և աղքատ) համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ։

Գլոբալ խնդիրների օրինաչափ արդյունք են հիմնականում գիտատեխնիկական և տնտեսական առաջընթացի շեշտակի արագացման, մարդու վերափոխիչ գործունեության ընդլայնման և որակական փոփոխության, սոցիալական հակասությունների խորացման։ Գլոբալ խնդիրների կարևորության համընդհանուր գիտակցումը ենթադրում է համապատասխան փիլիսոփայական իմաստավորում, մասնավորապես մարդկության միասնության, մարդու պատասխանատվության, բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնում։

Մեր օրերում Հայաստանի համար ծառացած են հիմնականում երկու գլոբալ հիմնախնդիրներ՝ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և բնապահպանական աղետի կանխումը, որ դոմոկլյան սրի նման կախված է մեր երկրի վրա:

Բնապահպանական իրավիճակը գերկարևոր խնդիր

Լինելով փոքր, բնական ռեսուրսներով ոչ հարուստ երկիր, բնապահպանական հիմնախնդիրները Հայաստանի համար մեծ կարևորություն են ձեռք բերում: Քաջարանը, Ալավերդին ունեն թունավորված մթնոլորտ, Ողջին ու Դեբետը կեղտաջրեր են տանում, Թեղուտն ու Ամուլ սարը սպառնում են շրջակա բնությանը, Սևանը ծանծաղում – ճահճանում է: Կարելի շարունակել այս ցուցակը: Շատ չէ՞ այս ամենը մեր երկրի համար: Այն ինչ ստացել ենք մեր նախնիներից, պիտի փոխանցենք մեր սերունդներին: Մինչդեռ եթե շարունակենք բնությանը վերաբերվել այժմյան «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, շատ բան չի մնա փոխանցելու մեր թոռներին:

Ժամանակակից հայաստանյան տնտեսության վիճակն ավելի է խորացնում բնապահպանական հիմնախնդիրները: Առկա է բնապահպանական իրավիճակի վատթարացման լուրջ վտանգ, որը պայմանավորված է ձեռնարկությունների կողմից տեխնոլոգիական կարգապահության չպահպանման, արտադրական վթարների աճի, ֆինանսական դժվարությունների պատճառով բնական ռեսուրսների վերարտադրության և պահպանության ծրագրերի անհրաժեշտ ծավալով չիրականացման հետ:

Բնապահպանական իրավիճակի արմատական փոփոխությունները երկրում հնարավոր է միայն ակտիվ բնապահպանական քաղաքականության իրականացման միջոցով, որն ենթադրում է բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում նպատակների հասանելիություն ապահովող միջոցառումների ամբողջական համակարգի առկայություն:

             Երևանի XV – XІX դարերի համառոտ պատմություն

Նշված ժամանակաշրջանի Երևանի պատմությունը բավականին մանրակրկիտ ուսումնասիրել են և ներկայացրել Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցն ու Մեսրոպ Թաղիադյանը:

Ըստ նրանց Երևանն ուներ 6 թաղ: Առաջինը Շհարն է, ուր ապրում են հայեր և այլազգիներ իրենց բազմաթիվ գերդաստաններով, որոնք իրենց տների առջև ունեն պարտեզներ: «Այս թաղում,- գրում է Հովհաննես Շահխաթունյանցը, — կա երկու եկեղեցի՝ Կաթողիկե՝ կառուցված 4 սյուների վրա, որն ունի մի սեղան՝ Սուրբ Աստվածածին անունով։ Նրա կամարհարկը փոքր-ինչ երկայնությամբ ձգվում է դեպի արևելք, ունի քարակերտ երկու ավանդատուն, երկու դուռ՝ դեպի հարավ և արևմուտք բացվող, մեկը՝ Սբ Հովհաննես Մկրտչի, իսկ մյուսը՝ Սբ Ստեփանոս Նախավկայի անուններով: Դրանք շրջապատված են պարիսպներով և քահանաների սենյակներով: Այս եկեղեցիները չունեն արձանագրություն, միայն արևմտյան ճակատի որմերի վրա փորագրված է ՌՃԽԲ (1693 թ.): Ոչ միայն սա, այլ նաև մյուս եկեղեցիները և շինությունները, այդ թվում նաև պանդոկները, շինվեցին 1679 թ. երկրաշարժից հետո»:

Ասենք, որ Երևանում1679 թ. հունիսի 4 — ին տեղի ունենեցավ աղետաբեր երկրաշարժ, որի հետևանքով քաղաքը մեծապես ավերվեց ու վերածվեց փլատակների։ Ականատեսները նշում են, որ մի ամիս շարունակ գետինը ցնցվում էր: Երկրաշարժից մեծապես տուժեց Գառնիի տաճարը:՚ Մարդիկ վախենում էին տուն ու եկեղեցի մտնել, մի ամսից ավելի ապրում էին դաշտերում ու այգիներում, վրանների տակ: Երկրաշարժից հետո Երևանում երկար ժամանակ ապրել է հայտնի նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Նրա 1679 թ. բանաստեղծական և նկարչական գործունեությունն առնչվում է Երևանին։ Մոտ 70-ի հասնող տաղերի մեծ մասը նա գրել է Երևանում։ Ենթադրվում է, որ Նաղաշ Հովնաթանը մասնակցել է երկրաշարժից հետո վերականգնվող եկեղեցիների պատերը զարդանախշելու աշխատանքներին:

Մյուս եկեղեցին, որ նկարագրում է հեղինակը, Պողոս-Պետրոսն է: Այն գտնվել է այժմյան կինո Մոսկվայի տեղում: Կառուցվել է Ստեփանոս Ջալալյանցի, Վարդան Կարապետյանի և Երևանի այլ բնակիչների օժանդակությամբ: Եկեղեցին ուներ երկու դուռ, պարսպապատ էր: Այլազգիների մզկիթներից առաջինը շինված է Զալ խանի, իսկ մյուսը՝ Հաջի Նովրուզ-Ալի բեկի կողմից, երրորդը, որ ավելի փոքր է՝ Մահմադ խանի կողմից:

Հաջորդ թաղը Նոր թաղն է, որը նախկինում կոչվում էր Խանլբաղ: Այն տարածվում էր Շհարի, շուկայի, Կոնդի և Զորավոր եկեղեցու միջև և ավելի քան 30 տարի ավերակ էր: Ատրպատականից Արարատյան դաշտ և Երևան քաղաք գաղթած հայերը 1828 թ. կառավարության հրամանով բնակեցվեցին այստեղ, ոմանք կառուցեցին տներ, տնկեցին այգիներ: Կառուցվեց Անանիա Առաքյալի եկեղեցին: 1793 թ. Գաբրիել հարյուրապետը, որ քաղաքի երևելի բնակիչներից էր, ամբողջապես վերանորոգել է եկեղեցու տանիքը սրբատաշ քարերով և հարավային պատին թողել նոր արձանագրություն: Այստեղ է գտնվում Անանիա առաքյալի դամբարանը: Եկեղեցի հաճախել են ուխտավորներ` հանուն հրաշագործ Ավետարանի, այդ պատճառով էլ եկեղեցին կոչվել է Զորավոր: 1835 թ. այն դարձել է Մարաղայից գաղթած հայազգի գաղթականների եկեղեցին, իսկ այգին շարունակել է մնալ Էջմիածնի սեփականությունը:

Երրորդ թաղը Կոնդն էր, որն ընկած էր քաղաքի քարքարոտ բլրակի հարավ-արևելքում։ Հյուսիսից Կոզեռն կոչվող բլրակն էր, իսկ արևմուտքից՝ Հրազդան գետը: Այս թաղի բնակիչները նույնպես հայեր և մահմեդականներ էին: Հայկական եկեղեցին գտնվում էր թաղի հյուսիսային մասում՝ կառուցված սրբատաշ քարերից, մի մասն էլ՝ անհարթ որձաքարերից, 1708 թվականին: Եկեղեցու հարավային մասում գտնվում էր թրծած աղյուսով կառուցված մզկիթը, որի կողքին կար բաղնիք:

Ձորագյուղ թաղը, ըստ Զաքարիա Սարկավագի, կոչվում էր Խնկելո-Ձոր: Բնակիչների կեսը ապրում էր ձորի մեջ, կեսը՝ սարահարթի վրա։ Այս թաղը ևս ուներ խառը բնակչություն: Սարահարթում էր Ձորագեղի Անապատ կոչված վայրը, որը Սբ. Էջմիածնի կաթողիկոսության իջևանատունն էր, որտեղ նստում էր կաթողիկոսարանից վարդապետ։ Վերջինս իրականացնում էր այգիների, ջրաղացների պահպանությունը: Անապատն ուներ ընդարձակ պարիսպ՝ բաժանված 4 մասի. առաջինը Ձորի քարափին գտնվող կաթողիկոսական շինություններ էին։ Դրանց մեջ կար փոքրիկ եկեղեցի, որը 1837 թ. դարձավ Երևանի թեմի առաջնորդանիստը:

Առաջնորդանիստը կառուցվել է Նահապետ կաթողիկոսի կողմից: Այն շինված էր անեփ աղյուսից և փայտից: Այստեղ նստում էր թեմակալ փոխանորդ եպիսկոպոսը: Նախկինում եկեղեցու տարածքում կային բազմաթիվ սենյակներ, հացի փուռ, ուր այցելում էին հայ վաճառականներ, որոնք էլ ըստ ավանդության շինել են եկեղեցին: Հացի փռի ավերվելուց հետո վաճառականների երթևեկը դադարել էր: Եկեղեցու արևելյան կողմը ծառածածկ էր, պարտեզներով, բանջարանոցներով:

Կաթողիկոսարանի տան հարավում գտնվում էր ժողովրդի «իսկական եկեղեցին» ՝ Սբ. Սարգիսը, որը կառուցել էր Նահապետ կաթողիկոսը: Քանի որ խարխուլ պատերը հավատացյալների համար վտանգ էին ներկայացնում, 1835 թ. կաթողիկոսի հրամանով և Շահխաթունյանցի աջակցությամբ 4 սյուներով, սրբատաշ քարերով ու կրով կառուցվեց նորը:

Շահխաթունյանցը ակնարկում է նաև ձորի հին կամրջի մասին, որն այնքան էլ բարվոք վիճակում չէր:
Հինգերորդ թաղը Տեմիրբուլաղն էր, որը հայերն անվանում էին Քարհանքի թաղ՝ այստեղ եղած քարի հանքերի պատճառով: Թաղը նորքեցիների այգիների տակ էր: Նրա սահմաններն էին՝ հարավում՝ Շհարը, արևելքում՝ ամրոցը (բերդը): Թաղում հիմնականում բնակվում էին մահմեդականներ, որոնք ունեին մզկիթ, իսկ հայերը փոքրաթիվ էին և այցելում էին Պետրոս – Պողոս եկեղեցի:

Վեցերորդ թաղը Նորքն էր, որը գտնվում էր քաղաքի արևելյան զառիվերի վրա: Պարսից տիրապետության ժամանակ այն գյուղ էր, որի այգիները ձգվում էին մինչև քաղաք: Օտարներն այս թաղն անվանում էին Չոլմակչի, քանի որ այնտեղ կային խեցեղեն պատրաստող բրուտագործներ: Բնակիչները հայեր էին և ունեին քարաշեն մի եկեղեցի՝ Սիմեոն Ծերունու անունով: 1679 թ. երկրաշարժի ժամանակ եկեղեցին զրկվեց գմբեթից և խարխլվեց, բայց մնացել էր կանգուն:

Քաղաքի վաճառանոցը կամ շուկան ընկած էր Նոր թաղի, Կոնդի արևելյան ստորոտի, Ձորագեղի վերին թաղի և Տեմիրբուլաղի միջև: Թրծված աղյուսից, կրից սարքված այս շենքը նման էր Կ. Պոլսի Մսրչարսուին, մինչդեռ մնացածը հասարակ շինություններ էին: Այստեղ կար մի մեծ պանդոկ՝ Գյուրջի քարվանսարայը, նմանապես և մի քանի փոքր պանդոկներ: Շուկայի շրջակայքում էր նաև մահմեդականների մեծաշեն մզկիթը՝ «ըստ ձևոյ պարսից», թրծված աղյուսից, հախճասալիկներով պատած մինարեթով։ Հյուսիսային մասում ուներ պարսպապատ բակ՝ օթևաններով, ուր սովորում էին մահմեդական մանուկները: Մզկիթն ուներ երեք դուռ, ինչպես նաև՝ ջրի մեծ ավազան: Մզկիթը կառուցել էր Հուսեին Ալի խանը 1818 թ.: Շուկայի արևելակողմի ընդարձակ հրապարակում կառուցվել էր արքունական պետական նահանգային ուսումնարանը, որտեղ հայերեն, ռուսերեն, տաճկերեն էին սովորում տարբեր ազգերի երեխաներ:

Ամրոցը կամ բերդը քաղաքից բաժանվում էր մեծ հրապարակով, գտնվում էր տափարակի վրա և ձգվում մինչև Հրազդանի ափը: Այն երեք կողմից պաշտպանված էր պարիսպներով, կառուցված էր հողից, քարից և ուներ 50 բուրգ: Տեղ-տեղ բուրգերի տակ երևում էին երկրաշարժից ավերված եկեղեցու հետքեր: Ձորի վրա՝ արևմուտքում, կառուցված էին ապարանքներ և բնակարաններ: Խանի ընդարձակ ապարանքը գտնվում էր հյուսիսում: Այնտեղ էին նաև նրա տիկնանց կրկնահարկ և եռահարկ սենյակները: Խանի պարտեզում կար մի հետաքրքիր շինություն՝ Շուշաբանդ-այվանը: Ամբողջ առաստաղը և սյուները պատված էին մեծ և փոքր ապակիներով, զարդարված նկարներով, շահերի և խաների պատկերներով: Այս սենյակը կառուցել էր Հուսեին Ալի խանի որդին՝ Մահմադ խանը: «Ներկա իշխանությունները նորոգեցին սենյակները և պատրաստեցին հիվանդանոց (ախտավոր հիվանդների համար)»:

Բերդում կար երկու մզկիթ, մեկը՝ շինված Ռաջափ փաշայի կողմից 1725 թ., որ ուներ քառանկյուն հատակագիծ, չորս սյուներով ընդարձակ կամարներով: 1827 թ. բերդի գրավումից հետո մզկիթը վերօծվել էր Տիրամոր Կույսի եկեղեցու: Մյուս մզկիթը շինել էր Հուսեին խան Սարդարը՝ թրծված աղյուսից, պարսից ձևով, սրահներով ու սենյակներով: Գմբեթը և ճակատը պատված էր կապույտ և կանաչ հախճապակիով: Ռուսների գրավումից հետո այն վերածվել էր զինանոցի:

Ամրոցում բնակվում էին պարսիկներ: Ռուսական տիրապետության շրջանում այնտեղ շատ շենքեր քանդվեցին: Պարիսպների տակ երեք խանդակ կար։ Բերդն ուներ երեք դուռ։ Մեկը հյուսիսում էր, որ կոչվում էր Բաբիշիրվան։ Հաջորդը հարավում Թավրիզ-Գաբուսին էր և երրորդը, որ տանում էր դեպի Հրազդան գետը, միայն պաշարման ժամանակ էր գործածվում: Այս ամրոցը Սեբեոսի ժամանակ կոչվում էր Երևանի բերդ (մինչև 1583 թ.)։ Պարսիկներն այն խլել էին հայերից։ Այստեղ հաստատված Ֆահրադ փաշան նորոգեց բերդը: 1679 թ. երկրաշարժի ժամանակ շատ պարիսպներ, ինչպես նաև կամուրջը, քանդվեցին: Զալ խանի ժամանակ վերանորոգվեց բերդը, հայոց եկեղեցին և մզկիթը:

Շահխաթունյանցը նկարագրում է նաև Կարմիր կամուրջը, որին նա քարաշեն կամուրջ է անվանում և նշում, որ 1679թ. երկրաշարժի ժամանակ այն իսպառ ավերվել էր և նորից շինվել: Նշվում էր, որ կամուրջը քառակամար է, դրանցից մեկը ամենամեծն է, որի միջով հոսում է Հրազդան գետը, իսկ փոքր կամուրջներով՝ ստորին գյուղերի առուները: Ակնարկվում է նաև Ձորագեղ թաղի մի կամրջի ավերակների մասին: Քաղաքը առատ է ջրերով,- գրում է Շահխաթունյանցը: – Երկու առու սկիզբ է առնում Հրազդանից: Դրանից ամենահինը Մամռին է, և այս առուն հանել է Ապիրատ մեծ իշխանը՝ ըստ Այրիվանցու: Երկրորդը կոչվում էր Ապուհայեաթ, որ նախ հոսում է Կոնդ թաղով, ապա մասամբ Ձորագեղով, ապա հասնում ամրոց (բերդ) և փոքր մասով՝ Նոր թաղ: Մյուս գետակները Կրբուլախն է ( Ջուր ղրխպուլաղայ) և Սևորակ ջուրը, որ հոսում է Տեմիրպուլաղից: Այս ջրերը ոռոգում են բոլոր պարտեզները, այգիները և արտերը: Նորքի առուն ոռոգում է Նորքի և Ավան գյուղի այգիները:

Քաղաքն ուներ խաղողի և մրգի շատ այգիներ, և ամեն մեկը կոչվում էր ըստ իր վայրի. Շհարի, Նորքի, Ձորագեղի, Նորագեղի, Դալմայի և այլն:

Շհարի այգիների հյուսիսային մասում կար ավերակ մի մատուռ՝ Գեթսեմանին, որի շուրջ բազմաթիվ շիրիմներ կային: Ինչպես հաղորդում է Շահխաթունյանցը՝ այգին Էջմիածնի սեփականությունն էր, բայց վաճառվել է մի երևանահայի:

Նկարագրվում է նաև Կոզեռն բլրակը, որը գտնվում էր քաղաքի հյուսիսային մասում, և որտեղ հայկական գերեզմանատունն էր: Այստեղ թաղված էին Հովհաննես վարդապետ Կոզեռնը, որի համար բլուրը կոչվում էր Կոզեռն և Մովսես կաթողիկոս Սյունեցին (1580-1632): Կար նաև մի մատուռ, որը նորոգել էր մեծատոհմիկ մելիք Սահակ Մելիք-Աղամալյանցը 1829 թ.։ Ինքը վախճանվել է 1834 թ. և թաղվել այստեղ: Մի մատուռ էլ կար Նորք թաղի այգիներում, որ կոչվում է Սբ Աստվածածին, ուր քաղաքի բնակիչները տոնում էին Սբ Զատիկը։ Շահխաթունյանցը նաև նկարագրում է Քանաքեռ գյուղը, Ավանը, Ջրվեժը, որոնք այսօր Երևանի թաղամասերից են:

Երևանի վերոհիշյալ նկարագրությունից երևում է, որ ժամանակակից երկու հեղինակները՝ Թաղիադյանն ու Շահխաթունյանցը շատ հարցերում համերաշխվում են, ինչպես նաև հավելյալ տվյալներով լրացնում միմյանց: Ի դեպ քաղաքի բնակչության ազգային կազմի տոկոսային հարաբերակցության հարցում մեզ արժանահավատ թվացին Թաղիադյանի հաղորդած տվյալները: Շահխաթունյանցի՝ թաղերի նկարագրությունից հետևում է, որ 19-րդ դարի առաջին կեսին քաղաքն ուներ վեց թաղ, որ դեռևս Ձորագյուղն առանձին էր և Կոնդի մաս չէր կազմում, ինչը երևում է ինչպես հետագա հեղինակների, մասնավորապես՝ Ս. Շահազիզի, Թ. Հակոբյանի, այնպես էլ ռուսական պաշտոնական փաստաթղթերի նյութերից:

Օգտագործած գրականություն

  1. http://yhm.am/archives/8757
  2. Շահազիզ Ե., Հին Երևանը, Եր., 2003
  3. Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1801-1879 թթ.), Եր., 1959
  4. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Եր., 1998, հ. IV, էջ 60:
  5. Արիստակէս եպիսկոպոս Սեդրակեան, Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը, Ս.Պետերբուրգ, 1998:
  6. Թաղիադյան Մ., Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր, Եր., 1975:

        

Реклама